ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայոց ցեղասպանության ճանաչումն իբրև քաղաքական սահմանագիծ և տեխնոլոգիա

Հայոց ցեղասպանության ճանաչումն իբրև քաղաքական սահմանագիծ և տեխնոլոգիա
20.03.2009 | 00:00

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՅՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Տարածված տեղեկատվությունից և ԶԼՄ-ների մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը շփոթված է ու կանգնել է 1915 թ. հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ընտրության առջև։ Իրականում, սակայն, ԱՄՆ-ի վարչակազմը միանգամայն վստահ է իր ապագա գործողություններում և վաղուց է հաշվարկել, թե ինչպես է վարվելու այս իրավիճակում։
Հասկանալի է, որ ԱՄՆ-ի նախագահի` ապրիլի 6-ին Թուրքիա այցելելու մտադրությունը որոշակի խառնաշփոթ է ստեղծում` ցեղասպանության հարցում սպասվող որոշումների հետ կապված։ Որոշ ԶԼՄ-ներ ու մեկնաբաններ, հենվելով տարբեր քաղաքական գործիչների ու փորձագետների հայտարարությունների վրա, փորձում են կասկածի տակ դնել ԱՄՆ-ի նախագահի սպասվող հայտարարությունը` ի գոհունակություն հայաստանյան ընդդիմության և ռուսական քաղաքական գործիչների։ Օրինակ, հղումներ են արվում ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջամարտիկ Բրեդ Շերմանի հայտարարությանը, որը մարտի 2-ին տպագրվեց «Արմենիան Ռեփորթեր» թերթում։ Բրեդ Շերմանը կարծիք էր հայտնել, որ Բարաք Օբաման առաջիկա վաթսուն օրերի ընթացքում չի արտասանի «ցեղասպանություն» բառը։
Սակայն, Հայաստանի տարբեր բարեկամների նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, անհնարին է այս գնահատականներն ընկալել իբրև միանգամայն արդարացված։ Եթե Բարաք Օբաման շատ փորձառու չէ իբրև քաղաքական գործիչ, ապա ԱՄՆ-ի փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շատ լավ գիտեին տրված հավաստիացումների հետևանքների մասին և երբեք չէին կարող թույլ տալ այդպիսի ուժեղ հարված իրենց հեղինակությանը` իբրև ԱՄՆ-ում առաջատար քաղաքական գործիչների։ Իհարկե, հաշվի առնելով էլեկտորալ գործընթացների խաղի կանոններն ԱՄՆ-ում, տարբեր նահանգներում կենտրոնացած հայ բնակչության ձայների նշանակությունը, այնուհանդերձ, պետք է արձանագրել, որ հայերի քվեարկությունն ունեցել է որոշակի, բայց բոլորովին էլ ոչ վճռական նշանակություն։ Բացի այդ, Հայկական հարցը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիքներից մեկն է, և անկասկած է, որ ամերիկյան քաղաքականության մեջ գոյություն ունի որոշակի ժառանգականություն` այս հարցի հետ կապված։
Ես առիթ եմ ունեցել այս և այլ հարցերով հանդիպելու ամերիկյան քաղաքական գործիչների ու փորձագետների հետ, ովքեր տարբեր ժամանակներում բավական բարձր պաշտոններ են զբաղեցրել պետդեպարտամենտում ու Պենտագոնում։ Դրանց թվում են եղել ԱՄՆ-ի պետքարտուղարի և պաշտպանության նախարարի տեղակալներ, խորհրդատվական զրույցներ եմ ունեցել ավելի ցածր կարգավիճակ ունեցող պաշտոնյաների հետ, ովքեր, սակայն, անմիջականորեն զբաղված էին Հայկական հարցով, ինչպես նաև Թուրքիային, Կովկասին, Իրանին և Մերձավոր Արևելքին վերաբերող խնդիրներով։ Ըստ այդմ, համոզմունք ձևավորվեց, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության յուրաքանչյուր փուլում Վաշինգտոնում նախընտրել են սրբագրումներ իրականացնել այս հարցի հետ կապված, ու ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի բարեկամները շատ լավ տեղյակ են այս իրողությանը։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը որդեգրեց 1915-ի ցեղասպանությունը ողջ ամերիկյան հասարակության կողմից աստիճանաբար ճանաչելու մոտեցում։ Այսինքն` ճանաչում քաղաքական, համայնքային և կրոնական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ողջ սպեկտրի, առանձին նահանգների և, ի վերջո, Կոնգրեսի կողմից։ Ըստ էության, դա արդեն տեղի է ունեցել։ ԱՄՆ-ում չի մնացել ցեղասպանության փաստը կասկածի ենթարկող կամ այդպիսի գնահատականների դեմ առարկող որևէ իրական ուժ, ներառյալ հրեական շրջանակներն ու Իսրայելի բարեկամները։ Նախագահի ստորագրությունն այլևս կդառնա ձևական գործողություն, եթե ամերիկյան ժողովուրդն անհրաժեշտ է համարում ցեղասպանության ճանաչումը։
Սա շատ հարմար ու արդարացված դիրքորոշում է` այսպիսի ոչ հասարակ հարցի հետ կապված։ Մի քանի տարի առաջ արդեն հասկանալի դարձավ, որ այս մարտավարությունն ու մոտեցումներն իրականում մշակվել են բոլորովին էլ ոչ ԱՄՆ-ում Հայաստանի բարեկամների կողմից, այլ հենց այն քաղաքական ծրագրավորողների, ովքեր առանձնակի սիրով չեն տառապում ո՛չ հայերի, ո՛չ էլ թուրքերի նկատմամբ, բայց շատ լավ հասկանում են Առաջավոր Ասիայում իրավիճակի զարգացման հեռանկարները։ Այդ մարդիկ զբաղված են բոլորովին էլ ոչ ներքաղաքական հարցերով կամ քաղտեխնոլոգիաներով, այլ հենց արտաքին քաղաքականությամբ։ Բացի այդ, տպավորություն է ստեղծվում, ինչը միգուցե ավելին է, քան տպավորությունը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հավանաբար արդեն վաղուց գտնվում է այն կառույցների շահերի ոլորտում, որոնք չեն զբաղվում հրապարակային քաղաքականությամբ։ Դա նշանակում է, որ առկա է ռազմավարական բնույթի ծրագրավորում, որն իրականացվել է ոչ ԱՄՆ-ի հայտնի «ուղեղային կենտրոններում» և նույնիսկ ոչ էլ հատուկ ծառայություններում։ Համենայն դեպս, մի շարք քաղաքագետներ, քաղաքական ծրագրավորողներ ու փորձագետներ, ովքեր տասնամյակներ շարունակ աշխատել են այս թեմայի և առհասարակ տարածաշրջանին վերաբերող թեմաների շրջանակներում, չընդգրկվեցին այս ծրագրի մշակման աշխատանքներում և միայն ընդհանուր գծերով են ծանոթ «ցեղասպանության ճանաչման տեխնոլոգիայի» սխեմային։
Կարելի է արձանագրել հետևյալ կերպ, որ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված որոշումը պայմանավորված է հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների, տարբեր շրջանակների միջև կայացած համաձայնություններով, ինչպես նաև միջազգային պայմանավորվածություններով։ Համենայն դեպս, այդ որոշումը չի կայացվել միայն պետդեպարտամենտի կամ Սպիտակ տան պատերի ներսում։ Այդ հնարավոր որոշման էությանը կարող են քաջատեղյակ լինել ամերիկյան վերնախավի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են պետքարտուղարի նախկին տեղակալ Մարկ Գրոսմանը կամ Սթիվեն Մաննը։ Անշուշտ, առաջանում է հարց, թե արդյոք չափից ավելի շատ բան չի՞ դրված այս որոշման «տախտակամածին», և արդյոք չափից ավելի մեծ նշանակություն չի՞ տրվում ցեղասպանության ճանաչման այս հնարավոր ակցիային։ Բոլորովին էլ ոչ, ամեն ինչ արվում է ինչպես պետք է, և շատ բան ցույց կտա ժամանակը։ Սակայն այդ որոշման էությունը հասկանալի կլինի ավելի ուշ։ Պարզ կդառնա, թե, ըստ էության, ինչ է նշանակում Թուրքիային զսպելու քաղաքականությունը, ինչը կարող է լինել առավել արդյունավետ զսպելու այդ արդեն կայացած տարածաշրջանային տերությանը։ Ոչ մի այլ բան, քան նրա տարաբաժանումը։ Եթե ԱՄՆ-ը տեսանելի հեռանկարում չիրագործի Պակիստանի և Թուրքիայի մասնատումը, Առաջավոր և Հարավային Ասիայում կառաջանան միջազգային անվտանգության համար ամենալուրջ մարտահրավերներ։ Այդ ծրագրերը, ի դեպ, ենթադրելու են Իրանի և Հնդկաստանի, ինչպես նաև արաբական պետությունների հզորացում, Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների պաշտպանունակության ամրապնդում։ Միայն այս պետությունների միջոցով ԱՄՆ-ը կարող է լուծել վերոնշյալ խնդիրները` չդիմելով Ռուսաստանին, Չինաստանին ու Եվրոպային։ 1990-ականների սկզբին արդեն ԱՄՆ-ի ակադեմիական շրջանակներում, ինչպես նաև հումանիտար համալսարանական կրթություն ստացած հետախույզների միջավայրում առաջացավ գաղափար, որ ամերիկա-թուրքական հարաբերությունները շուտով հիմնավորապես կվատանան։ Այդ վարկածը բավական մանրամասն դիտարկվել է փորձագիտական շրջանակներում, տրվել են որոշ երաշխավորություններ այս հարցի շուրջ, որոնք էլ 1990-ականների կեսերից ԱՄՆ-ի վարչակազմերն օգտագործել են արտաքին քաղաքականության մեջ։ Սակայն ԱՄՆ-ի քաղաքական գործիչներն այն ժամանակ այդպես էլ չհասկացան սրվող պրոբլեմների խորությունը, և դա ի հայտ եկավ 2003-ի մարտին` Իրաքում օպերացիան սկսելու ժամանակ։ Այժմ Թուրքիային մեկուսացնելու խնդիրը հասել է համաեվրոպական մակարդակի, ինչն ինքնին նշանակում է, որ ԱՄՆ-ը վերջնականապես հրաժարվելու է Թուրքիային Եվրամիություն խցկելու քաղաքականությունից։ Վատ չէր լինի, որ հայկական քաղաքական դասակարգը երբեմն երևակայությանը զարկ տար նման թեմաների շուրջ։ Որովհետև ծանր ու անտանելի է հասարակ պացիֆիստի կյանքը։
Հիմա Հայաստանի համար ամենալուրջ հարցը, ինչից կախված է նաև ցեղասպանության ճանաչումը, ամերիկա-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարն է։ Եթե այդ հարաբերությունների վատթարացման միտումը շարունակվի, և խորանա անվստահությունը Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև, դա Հայաստանի համար կբացի որոշակի հեռանկար, երբ ԱՄՆ-ը կփորձի Հայաստանի հետ վարել այնպիսի քաղաքականություն, ինչպիսին Ռուսաստանը։ Թեկուզ և լավ բան այդտեղ քիչ կա, և հակադրության այդ քաղաքականության արդյունքները բացարձակապես պարզ չեն ու անկանխատեսելի են։ Բայց դա արտաքին գործոնների ռազմավարության երկու հնարավոր տարբերակներից մեկն է, որը թույլ է տալիս Հայաստանին մնալ քաղաքական քարտեզի վրա։ Հարկ է ընդգծել, որ ամերիկա-թուրքական հարաբերությունների խնդիրները լայն հրապարակայնություն չեն ստացել քաղաքական և փորձագիտական բանավեճի շրջանակներում։ Դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ այս խնդրով զբաղվող քաղաքական փորձագետների շրջանակը սահմանափակ է։ Դժվարությամբ կարելի է հաշվել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում միասին վերցրած 20 փորձագետների ու քաղաքագետների, ովքեր այս կամ այն չափով զբաղվում են այս հիմնախնդրով։ Բայց դա չէ բանավեճի շրջանակների սահմանափակման պատճառը։ Այս խնդիրն Արևմուտքի փորձագետների ու քաղաքական գործիչների համար բավական նուրբ է և քիչ հասկանալի։ Այդ թեման դասվում է «անշնորհակալ» թեմաների շարքին` վերլուծության և կանխատեսումների առումով։ Ինչ վերաբերում է եվրոպական, ամենից առաջ ֆրանսիական ու գերմանական փորձագետներին, ապա նրանք նկատելիորեն բարդույթավորված են Թուրքիայի դեպի Եվրամիություն ինտեգրացման հարցում և նախընտրում են չմասնակցել իրենց համար «օտար» այս թեմայի քննարկմանը։
Միաժամանակ չափազանցություն չի լինի պնդել, որ «թուրքական նախագծերի» ճնշող մեծամասնությունը և դրանցով զբաղվող արևմտյան փորձագետներն այս կամ այն չափով վճարվում են թուրքական կառավարության կողմից։ Այդ իսկ պատճառով որևէ բովանդակային բանավեճի մասին խոսք լինել չի կարող։ Սակայն մենք կփորձենք մանրամասն պարզաբանել այս հարցը, քանի որ դրանից է կախված ամերիկա-թուրքական հարաբերությունների վերաբերյալ այն գնահատականների ընկալումը, որոնք շրջանառության մեջ են։ Որքան էլ դրանք կանխակալ և միտումնավոր լինեն, ոչ պաշտոնական զրույցներում և հատուկ քաղաքական զեկուցագրերում փորձագետները հակված են գնահատել այդ հարաբերություններն իբրև վատթարացող։ Գոյություն ունեն միանգամայն իրական գնահատականներ այն մասին, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը գտնվում են այնպիսի նոր հարաբերությունների ձևավորման փուլում, որոնք ժամանակի ընթացքում հազիվ թե կարելի լինի համարել ռազմավարական։ Միաժամանակ Թուրքիայի տարանջատումն ԱՄՆ-ից, Եվրամիությունից ու ՆԱՏՕ-ից ունի որոշակի սահմաններ, քանզի Թուրքիան ընդունակ չէ հաջողությամբ գոյատևել ու զարգանալ առանց արևմտյան հանրության աջակցության։
Վերջին տարիներին ԱՄՆ-ը, ինչպես նաև Մեծ Բրիտանիան իրականացրել են Թուրքիայի քաղաքական ու տնտեսական հնարավորությունների սահմանափակմանն ուղղված քաղաքականություն` նպատակ ունենալով մեկուսացնել նրան։ Խոսքը տվյալ պարագայում իռացիոնալ ցանկությունների մասին չէ` վրեժ լուծել Թուրքիայից 2003-ին իրաքյան օպերացիայի ժամանակ և 2008-ին` Սև ծովում դրսևորած պահվածքի համար։ Թեկուզ և զգացմունքային առումով ամերիկացիներն իսկապես նեղացած են, ինչպես երբեք, և շատերը զրույցների ընթացքում հազիվ են զսպում իրենց։ Սակայն ԱՄՆ-ին ամենից առաջ բացարձակապես ձեռնտու չէ ի դեմս Թուրքիայի նոր տարածաշրջանային տերության առաջացումը, որը հավակնում է ինքնուրույն քաղաքականության իրագործման։ Առիթ եմ ունեցել ամերիկյան փորձագետներ Ալի Ռեզա Բյուլնեթի և Զենո Բարանի հետ ժամեր շարունակ քննարկել այն թեման, թե որն է Թուրքիայի ինքնուրույնության ձգտումը։ Հարկ է նշել, որ այդպես էլ չհաջողվեց որևէ տրամաբանական ենթադրության հանգել։ Ամերիկյան այլ փորձագետների` Ֆիոնա Հիլլի և Օմար Թափինարի հետ զրույցում, այնուհանդերձ, հաջողվեց ձևակերպել թուրքական ներկայիս էլիտայի նպատակը, որ ժամանակակից Թուրքիայի համար քաղաքական ինքնուրույնությունը նշանակում է տարածաշրջանային գերակայություն, եթե ոչ ավելին։
Այսպիսով, Թուրքիան դուրս է եկել դեպի նոր սահմանագծեր և չի պատրաստվում հրաժարվել համաշխարհային ազդեցության և հզորության հասնելու նպատակներից։ Իսկ ԱՄՆ-ը, ինչպես նաև նրա դաշնակիցները, չեն կարող դրա հետ համակերպվել կամ դա թույլ տալ։ Վերջին տարիներին Թուրքիան փորձում է ազդեցություն ձեռք բերել Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և առհասարակ Եվրասիայում։ Ոչ միայն այն պատճառով, որ նախընտրելի դիրքեր ունենա Արևմուտքի հետ երկխոսության մեջ կամ բանավեճում, այլև իրական դիրքեր ու ազդեցություն ձեռք բերի այդ տարածաշրջաններում։ Թուրքիան քաղաքական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ, իսրայելա-սիրիական փոխհարաբերությունների, իսկ վերջին ժամանակներս` նաև իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործում։ Եվ միայն շատ անհեռատես փորձագետները կարող են պնդել, թե ԱՄՆ-ը բավարարված է դրանից ու իսկապես ցանկանում է տեսնել թուրքական քաղաքականության մեջ այդպիսի հաջողություններ։ Որովհետև ամերիկացիները չեն ուզում քիչ թե շատ վերահսկելի պրոբլեմների փոխարեն ունենալ անվերահսկելի Թուրքիայի պրոբլեմը։
1915-ի հայոց ցեղասպանությունը ճանաչելով` Միացյալ Նահանգները որոշակի սահմանագիծ է անցնելու, առանց որի հնարավոր չէ ապագայում հավակնել գլոբալ քաղաքականության մեջ կանոններ, նորմեր ու արժեքներ հաստատելու առաքելությանը։ Սակայն ցեղասպանության ճանաչման քայլին ամերիկացիները կդիմեն` պահպանելով առաջնահերթությունները և կփորձեն դա ընդգրկել Թուրքիային զսպելու քաղաքականության ուղեծրում։ Վաշինգտոնում շատ լավ են հասկանում, թե ինչ է պետք անել Թուրքիայի նկատմամբ, հասկանում են, որ ամերիկյան քաղաքականությանը փաստարկներ են պետք։ Սակայն ցեղասպանության ճանաչման սպառնալիքը, որպես այդպիսին, վաղուց արդեն փաստարկ և ազդեցության գործոն չէ։ Ընդհակառակը, միայն ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից և որպես դրա հետևանք ճանաչումների «շքերթը» բազմաթիվ այլ պետություններում, կդառնա ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության ամենաուժեղ փաստարկներից մեկը, և ԱՄՆ-ը շարժվելու է հենց այդ ուղղությամբ։ Ցեղասպանությունը ճանաչելով` ամերիկացիները կարող են հասնել շատ ավելիին, քան այսօր։
Հարկ է նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը սերտորեն շաղկապված է նաև Ռուսաստանի քաղաքականության հետ։ Ռուսաստանը, շրջափակելով Կենտրոնական Ասիան ամերիկյան ներկայության դեմ, այսպես թե այնպես, ուժեղացնում է Թուրքիայի դերն ԱՄՆ-ի համար իբրև ռազմական տրանզիտի պետություն։ Միաժամանակ ԱՄՆ-ը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, հայկական գործոնը դուրս է բերում ռուս-թուրքական հարաբերությունների ուղեծրից։ Թուրքիան հույս է դնում Ռուսաստանի վրա, որը կարող էր Հայաստանին հրահրել Թուրքիայի հետ մերձեցման և դրանով իսկ կանխարգելել ամերիկացիների կողմից ցեղասպանության ճանաչումը։ ԱՄՆ-ին դա բոլորովին դուր չի գալիս, և Վաշինգտոնում, իհարկե, կցանկանային խլել Ռուսաստանից ցեղասպանության հարցն իբրև Թուրքիայի վրա ազդելու գործոն։ Հարկ է հիշեցնել, որ Ռուսաստանի Պետդումայի կողմից 1994-ին ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարության ընդունումից հետո, ռուս քաղաքագետները և քաղաքական գործիչները, ինչպես նաև Ռուսաստանի դեսպանը Թուրքիայում, բազմիցս կասկածի տակ են դրել Մոսկվայի կողմից այսպիսի քայլի դիմելու նպատակահարմարությունը։ Իսկ երբ Ֆրանսիան օրենք ընդունեց ցեղասպանության մասին, և ռուսական Պետդումայի պատգամավորները փորձեցին ընդունել համարժեք մեկ այլ օրենք Ռուսաստանում, ռուսական ղեկավարությունը կտրականապես կասեցրեց բոլոր այդպիսի փորձերը։ Այդ կապակցությամբ ընդունվեց միայն նոր հայտարարություն և ոչ թե օրենք։ Կան խոսակցություններ, որ ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչումը հաստատող հայտարարությունը կունենա անորոշ բնույթ, ուր պատասխանատվություն չի դրվի ժամանակակից Թուրքիայի վրա` կատարված հանցագործության համար։ Կամ էլ այդ հայտարարությունը լեցուն կլինի բազմաթիվ բարի ցանկություններով. նման բան կարելի է սպասել։
Բարաք Օբաման «հուսով» է թուրքական ղեկավարներից լսել այն, ինչը նրանք երբեք ասել չեն կարող։ Թուրքիան պատրաստ չէ Հայաստանին ընդառաջ քայլեր անել, և ամերիկացիները դա շատ լավ են հասկանում։ Ճանաչման որոշումն ընդունվելու է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3158

Մեկնաբանություններ